Որևէ մեկը կհիշի՞ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդարանում ելույթ ունենալիս, իսկ նա արդեն ութ տարվա պատգամավոր է, կգտնվի՞ ԱԺ-ում մի օրինագիծ, որ ներկայացրել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Նրա հայտնությունը խորհրդարանում տոն է եղել սեփական խմբակցության ու լրագրողների համար, բայց բոլոր հարցերին նրա պատասխանը եղել է «Այդ մասին՝ հաջորդ դասին» թևավոր դարձած խոսքը:
ԱԺ նախագահներ Տիգրան Թորոսյանը, Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը նրա բացակայությունները միշտ համարել են հարգելի՝ խախտելով ԱԺ Կանոնակարգ օրենքը: Գալուստ Սահակյանը նիստերից ու քվեարկություններից ընդմիշտ բացակայող պատգամավորի համար նույնիսկ ինքնատիպ պատիժ է հնարել՝ աշխատավարձը չփոխանցել, որ, իհարկե, Գագիկ Ծառուկյանի համար զգետնող հարված է: ՈՒ Գալուստ Սահակյանը այդ «պատիժը» չի իրագործել: Քաղաքականությունն ու կրկեսը խառնելու հայտնի օրերին քննարկվում էր նրա մանդատը վայր դնելու հարցը, բայց փետրվարն անցավ, «խառնակիչները» չբացահայտվեցին, Գագիկ Ծառուկյանը մնաց պատգամավոր ու ԲՀԿ շարքային անդամ: Եթե ՀՀԿ-ի պահանջը Գագիկ Ծառուկյանից քաղաքականությունից հեռանալն էր, պահանջը կատարված է, ինչո՞ւ է նորից, ինչպես թերթերն են գրում, իշխանական վերնախավում քննարկվում նրան պատգամավոր դարձնելու հարցը։ Ընդ որում՝ ԲՀԿ համամասնական ցուցակով: ՀՀԿ ցուցակից նա ինքն է հրաժարվել: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, ասել է. «Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանի մասնակցել-չմասնակցելուն կամ մասնակցության ձևաչափին, ապա նա դեռևս նույնիսկ չի մտածել այդ ուղղությամբ, քանի որ շատ ավելի կարևոր հարցեր կան այս պահին, որոնց մասին նա այժմ մտածում և հոգ է տանում»:
«Շատ կարևոր» հարցերը Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի նախապատրաստական աշխատանքներն են, որոնցով Գագիկ Ծառուկյանն անձամբ է զբաղվում: Իվետա Տոնոյանը բացատրել է, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես անձնապես է խոսել իր նպատակների ու անելիքների մասին. «Կարծում եմ, որ այս հարցը ևս բացառություն չի լինելու, և երբ ինքը մտածի այդ ուղղությամբ, անձնապես տեղյակ կպահի հանրությանը»: Այսինքն՝ նա ոչ չի ասել, իսկ «այո»-ն գին ունի: Փաստացի ՀՀԿ-ն ԲՀԿ-ին խորհրդարան տանելու համար փորձում է օգտագործել Գագիկ Ծառուկյանի՝ իբրև քաղաքական քավության նոխազի ու զոհի լուսապսակը և նրա խարիզման աշխատեցնել կուսակցության օգտին: Իսկ դա նշանակում է, որ կուսակցության ներկա նախագահ Նաիրա Զոհրաբյանը իշխանական պատկերացումներով չի ձգում նախագահի դերին ու չի կարող ապահովել ԲՀԿ-ի հաջողությունը:
Սա նաև նշանակում է ջուրը գցել Միքայել Մելքումյանի տիտանական ջանքերը՝ կուսակցությունը տղամարդկային ամուր ձեռքերին վերադարձնելու: 2017-ին Գագիկ Ծառուկյանին պատգամավոր դարձնելն իրականում ունի շատ ավելի պրոզաիկ պատճառ՝ ոչ կուսակցության վարկանիշը, ոչ էլ ներկա նախագահի ունակություններն են խնդրո առարկա, ոչ էլ նրա քաղաքական «հարությունը», այլ՝ ԲՀԿ-ն նորից Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ծախսերի ցանկ վերադարձնելը: Գագիկ Ծառուկյանին հարյուր տարի մանդատ պետք չէ՝ քաղաքական ու օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար, բայց Աբիսողոմ աղայի պես, «էշերու, կովերու ու ագարակներու» հետ մանդատն էլ նրա ինքնասիրությունը շոյող կապիտալ է, որը, սակայն, կապիտալ ներդրումով են ձեռք բերում: Ահա և ԲՀԿ-ն կփոխանցվի նրա բալանսին՝ մանդատի դիմաց: Կա նաև պատգամավորական անձեռնմխելիության կարգավիճակը, որը, սակայն, Հայաստանում պայմանական պաշտպանություն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ասում էին՝ ժողովուրդն է խորհրդարան ընտրում: Փաստորեն ժողովուրդն էլ ընտրում է, բայց՝ ՀՀԿ-ի «ժողովուրդը», որ ժողովրդի հետ կապ չունի: ՈՒ եթե Գագիկ Ծառուկյանը նորից նշանակվի պատգամավոր, ևս հինգ տարի նա խորհրդարան ոտք չի դնի, կամ կդնի նստաշրջանի բացման օրերին ու նոր խորհրդարանի նախագահին կներկայացնի իր հավերժական բացակայությունները հիմնավորող բժշկական տեղեկանքներ, կամ՝ նրան կպարտադրի խախտել կանոնակարգը:
Ընդունեք, որ չնչին հարց է՝ համեմատած ֆինանսական ներդրումի ծավալների ու պարբերականության հետ, ի վերջո ԲՀԿ-ն միշտ էլ եղել է բիզնես նախագիծ, թեկուզ քաղաքականության մեջ, բայց ոչ՝ քաղաքական: